NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանի հետ
Պրն. Խալիկյան, վերջերս տեսչությունը լայնածավալ ստուգումներ է իրականացրել բենզալցակայաններում: Ինչպիսի՞ն են արդյունքները:
Մեր կողմից ստուգվել է 7 տնտեսվարող սուբյեկտի 80 բենզալցակայան: Ստուգումները ցույց են տվել, որ 7 տնտեսվարողներից 5-ն աշխատել են խախտումներով: Տուգանքներ են նշանակվել հետեւյալ տնտեսվարողների նկատմամբ. «Ռոբերտ Նաիրիի Մարտիրոսյան» ԱՁ` 1 բենզալցակայանում բաշխիչ պոմպասյան վրա բացակայել է բենզինի մակնիշը, «Արմեն եւ ընկերներ» ՍՊԸ-ում պրեմիում 95 եւ սուպեր 97 մակնիշի բենզինը չի համապատասխանել իր օկտանային թվին, «Տիգրան Գրիգորյան եւ ընկերներ» ՍՊԸ-ում` պրեմիում 95 բենզինը չի համապատասանել իր օկտանային թվին; Այս ընկերությունները ստուգվել են 2011 թ. երկրորդ կիսամյակում, 2012 թ. առաջին կիսամյակում ստուգվել է «Կամօյլ» ՍՊԸ-ն` իր 15 բենզալցակայաններով, որոնցից 13-ում առկա են տարբեր տեսակի խախտումներ; Մասնավորապես` վառելիքն իրացվում էր առանց համապատասխան հավաստման փաստաթղթերի, հայերեն լեզվով մակնշման բացակայությամբ, իրացվող վառելիքը չէր համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին (բենզինի արոմատիկ ածխածինների քանակ, դիզվառելիքի բռնկման ջերմաստիճան, խտություն եւ ծծմբի պարունակություն): Եւ վերջին ընկերությունը, որում ստուգումներ ենք իրականացրել, «Սիթի Պետրոլ Գրուփն» է, որն ունի 62 բենզալցակայան, որոնցից 28-ում հայտնաբերվել են խախտումներ` սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման բացակայություն, վառելիքի անհամապատասխանություն օկտանային թվին, եւ վառելիքի չափագիտական խախտում` թույլատրելի սահմանից պակաս լիցքավորում (20 լիտրի մեջ պակասը կազմել է 250 գրամ, թույլատրելի 50 գրամի փոխարեն);
Բայց բենզինի շուկայում կան այլ խոշոր ընկերություններ եւս: Արդյոք դրանցում ստուգումներ չե՞ն լինելու:
Բոլոր խոշոր ընկերություններն էլ այս տարի ստուգվելու են: Ստուգումների ժամանակացույցը տեղադրված է մեր կայքում, ընդ որում` գրաֆիկի մեջ ներառված են բոլոր ներմուծող եւ մանրածախ ցանցով իրացնող կազմակերպությունները:
Խախտումների համար միայն տուգա՞նք եք նշանակում, թե՞ կան նաեւ գործունեության կասեցումներ:
Խախտում հայտնաբերելու դեպքում մենք կասեցնում ենք գործունեությունը` մինչեւ խախտման վերացումը: Եթե, օրինակ, օկտանային թվի խախտում կա, ասենք` ռեգուլյարը վաճառել են պրեմիումի փոխարեն, ապա վաճառքը թույլատրում ենք միայն կրկնակի ստուգումից հետո: Նշանակում ենք նաեւ տուգանք: Այսպես` «Կամօյլը» տուգանվել է 1.3 մլն դրամ` 13 բենզալցակայանի համար, «Սիթի պետրոլ գրուփը»` 1 մլն դրամ:
Նշեմ, որ ստուգումների համար ունենք 2 եզակի շարժական լաբորատորիա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 200 հազ. եվրո է, ու որոնք օպերատիվ պարզում են 76 ցուցանիշ; Ընդամեը 2 ժամվա ընթացքում պարզվում է բենզինի եւ դիզվառելիքի օկտանային թիվը` առանց մարդկային գործոնի ազդեցության:
Զրուցեց` Սամվել Ավագյանը



























