Վրաստանում հայկական եկեղեցիների խնդիրը սերտորեն համաձուլված է նախապաշարմունքների եւ երկրի ու նրա ազգային մշակույթի դեմ ուղղված մտացածին սպառնալիքների հետ: Այդ մասին News.ge-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով Վրաստանի հայկական եկեղեցիների մասին հարցին:
Նա հիշեցրել է, որ երբ նախորդ տարի վրացական օրենսդրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնք կրոնական կազմակերպություններին թույլ են տալիս գրանցվել որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, վրացական մամուլում ոչ համարժեք հրապարակումների ալիք սկսվեց, որի հիմնական պատճառաբանությունն այն էր, որ Վրաց ուղղափառ եկեղեցու իրավունքները հավասարեցվել են օտարներին եւ անգամ ոտնահարվել:
«Այդ կապակցությամբ կցանկանայի նշել, որ, նախ, դա այդպես չէ, քանի որ Վրաց ուղղափառ եկեղեցուն միանգամայն այլ կարգավիճակ է հատկացված, երկրորդ` յուրաքանչյուր եկեղեցու կարեւորությունն այն է, որ հիմնված է ոչ թե օրենսդրությամբ հատկացված առավելությունների, այլ այն բանի վրա, որ նախեւառաջ հանրության մեծամասնության համար վստահելի կառույց է:
Կարծում եմ, Վրաստանում հայկական եկեղեցիների խնդիրը սերտորեն համաձուլված է նախապաշարմունքների եւ երկրի ու նրա ազգային մշակույթի դեմ ուղղված մտացածին սպառնալիքների հետ: Միաժամանակ, հաճախ հրապարակումներում չգիտես որտեղից վերցրած լուր է հայտնվում հայկական կողմի պահանջների մասին: Այսպես, թեեւ հայկական կողմը պաշտոնապես խնդրել է վերադարձնել 6 եկեղեցիներ` 5-ը Թբիլիսիում եւ մեկն Ախալցխայում, ասես դիտավորյալ ինչ-որ եռանիշ թվեր են նշում, որպեսզի հասարակական կարծիք ձեւավորեն եկեղեցիների վերադարձի հնարավոր փաստի դեմ», - նշել է դեսպանը:
Բայց, Հ. Մանուկյանի կարծիքով, գլխավոր խնդիրն այն է, որ մինչ եկեղեցիների պատկանելության գիտական կեղծ քննարկում է տարվում, դրանք քանդվում են, քանի որ փաստացի տեր չունեն: «Միաժամանակ, իրենց ճարտարապետական արժանիքներով այդ եկեղեցիները կարող էին իսկական զարդարանք լինել Վրաստանի մայրաքաղաքի համար` նրան հնագույն կոլորիտ հաղորդելով», - նշել է նա:




























