Ամռան ամիսներին սննդամթերքը պետք է գնել նույն օրվա համար: Այս մասին, այսօր` հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, հատկապես, դա վերաբերում է արագ փչացող սննդամթերքին, ինչպիսին է, օրինակ, կաթնամթերքը, նույնիսկ եթե այն պահում են սառնարանում: «Սննդամթերքը զգայուն են ոչ միայն բարձր ջերմաստիճանի, այլեւ ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Եթե դուք 1-2 անգամ թթվասերի տարան հանել եք սառնարանից, այն արդեն որոշ առումով կորցրել է իր պիտանելիությունը»,-ասել է նա:
Անդրադառնալով մթերքի վրա պիտանելիության ոչ ճիշտ տվյալների հարցին, Պողոսյանը նշել է, որ իրենց ասոցիացիան նմանատիպ զանգվածային դեպքերի չի հանդիպել: «Ամեն դեպքում դա լուրջ խախտում է, որը պետք է պատժվի օրենքով»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է մսին, ապա, ըստ ասոցիացիայի նախագահի, ոչ միայն ամռան ամիսներին, այլեւ ողջ տարին այն արգելվում է վաճառել բացօթյա: «Վաճառքի առումով եւս մեկ պարտադիր պայման է մթերքի որակի մասին անասնաբույժի հավաստագիրը: Ընդ որում, այն պետք է ամեն օր նորացվի»,-հավելել է նա:




























