Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, այսօր` հուլիսի 26-ին, համակարգչային լսարան է բացվել: Այստեղ դատապարտյալների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ. կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ այս լսարանը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող քաղաքացիներին չկտրվել ընթացող զարգացումներից։
«Այսօր առանց համակարգչի դժվար է պատկերացնել կյանքը, եւ մեր նպատակն է անազատության մեջ գտնվող մարդկանց համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու, դրանք զարգացնելու հնարավորություն ընձեռել։ Նրանք դուրս են գալու քրեակատարողական հիմնարկից, եւ չպետք է հետ մնան մեր կյանքի զարգացումներից»,- նշել է Կ. Ավագյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ դատապարտյալների շրջանում մի շարք ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բացի այդ, կհամալրվի քրեակատարողական հիմնարկի 800 կտոր գիրք ունեցող գրադարանային ֆոնդը։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Արտյոմ Մխոյանը տեղեկացրել է, որ համակարգիչներն օգտագործվելու են կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Համակարգչային ծրագրերը կդասավանդեն ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները։ Այդ դասընթացներից կօգտվեն բոլոր դատապարտյալները։
Դատապարտյալ Էդիկ Շահնազարյանը համակարգչային տեխնիկային չի տիրապետում եւ հույս ունի, որ մինչեւ ազատություն ստանալը կհասցնի յուրացնել համակարգչային գիտելիքները։ Նա կարեւորում է նման նախաձեռնությունները, քանի որ դրանք ոչ միայն իրենց զբաղվածության հարցն են լուծում, այլեւ նպաստում են ինտելեկտուալ զարգացմանը։



























