«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությունները միայն ու միայն ծիծաղելի դրության մեջ են դնում եզդի համայնքին: Այդ մասին ասվում է «Սինջար» եզդիների ազգային միավորման հայտարարության մեջ:

«Մեզ համար արդեն զարմանալի չէ Ազիզ Թամոյանի հայտարարությունների աբսուրդ լինելը, սակայն վերջին շրջանում այդ հայտարարությունները միայն ու միայն ծիծաղելի դրության մեջ են դնում եզդի համայնքին:

Կարծում ենք կարիքը չկա հիշեցնելու այդ հայտարարությունները՝ կապված ընտրությունների, ոչխարների եւ եզդիների հետ: Վերջին հայտարարությունը, որը վերաբերվում էր Ընտանեկան օրեսգրքում փոփոխություններ մտցնելուն ուղղակի վիրավորական է ցանկացած գիտակից եզդու համար: Ինչ է նշանակում «18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար»:

Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ եւ չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ով է տվել նրան այն իրավունքը:Որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն մեր ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը եւ ոչ ոք այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել:

Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»,- նշել են հայտարարության հեղինակները:

Նշենք, որ օրերս «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարության՝ «ՀՀ ընտանեկան օրենսդրությունում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի որոշումը, ըստ որի՝ աղջկա ամուսնական տարիքը նախկին 17-ի փոխարեն սահմանվում է 18–ը, կնպաստի եզդիների արտագաղթին: «Երբ աղջիկը դառնում է 18 տարեկան, մենք նրան ասում ենք՝ «պիրասա» է դարձել, այսինքն՝ պառաված է եւ արդեն հարցնում են, թե ի՞նչն է պատճառը, որ վաղ տարիքում չի ամուսնացել, ուրեմն՝ մի խնդիր ունի»,- նշել էր Ազիզ Թամոյանը: