«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 29-ին՝ կիրակի օրը, կազմակերպում է բողոքի ակցիա Խոսրովի արգելոցում, որի ընթացքում այց կկատարվի «Գիլան»-ի հատվածում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կառուցված սրճարանային շինությունը։

Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից։

Նախաձեռնության անհապաղ պահանջներն են ՀՀ կառավարությունից` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության.

ա. Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:

բ. Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:

գ. Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի եւ այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:

դ. Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց եւ կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:

ե. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ այդ գործընթացին մասնակից դարձնել նաեւ շահագրգիռ կողմիս:

Խումբը շարժվելու է Երեւանից, Բարեկամության մետրոյի մոտից, առավոտյան ժամը 8:00-ին: