Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Չինաստանում իրականացվել է մահվան դատավճիռը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ակմալխ Շեյխի նկատմամբ, որ ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, հաղորդում է AFP-ն:
Դա վերջին կես դարում առաջին դեպքն է ՉԺՀ-ում, երբ նման դաժան դատավճիռ է կայացվել եվրոպական երկրի քաղաքացու նկատմամբ, նաեւ ի կատար ածվել: Շեյխը, որ ծագումով Պակիստանից էր, ձերբակալվել է մեկ տարի առաջ Ուրումչի քաղաքում՝ հերոյինի պայուսակով: Իսկ Չինաստանում թմրանյութերի ներկրման համար նախատեսվում է պատժի ամենաբարձր չափը:
Մինչեւ վերջին պահը 53-ամյա տղամարդու ազգականները հույս ունեին, որ ՉԺՀ իշխանությունները ներողամիտ կլինեն, քանի որ նրա մոտ հոգեկան խնդիրներ էին առաջացել:
Ներման խնդրագրով չինական կառավարությանն էր դիմել անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը՝ կոչ անելով ներողամտություն ցուցաբերել: Այսօր նա վճռականորեն դատապարտել է Պեկինի գործողությունները:
Վարչապետի խոսքով, ինքը ցնցված է եւ հուսահատված, որ իր բազում կոչերը հաշվի չեն առնվել: Բացի այդ, ըստ Բրաունի, անհանգստացնում է, որ Շեյխը բուժհետազոտության չի ենթարկվել, հայտնում է BBC-ն:




























