ԻԿՕՄՕՍ-ը` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն`  միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունից հայտնում են, որ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հարուստ մշակութային բազմազանությունների եւ չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան քաղաքներից է` ռազմական ամրաշինություններով, որոնք կառուցվել են խաչակիրների դեմ Սալահ ադ-Դինի հաղթանակից հետո: 

ԻԿՕՄՕՍ-ը չափազանց մտահոգ է այս կոնֆլիկտի հետեւանքով Համաշխարհային ժառանգության քաղաք հանդիսացող Հալեպի ժառանգությանը սպառնացող վտանգների համար:

Հիշեցնելով Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան (Հաագա, 1954թ.), ԻԿՕՄՕՍ-ը զինված ընդհարման մեջ ներգրավված բոլոր կողմերին  կոչ է անում   հարգանք դրսեւորել ու պաշտպանել Հալեպի մշակութային ժառանգությունը:  Հալեպի մշակութային ժառանգության պաշտպանության կոչով հանդես է եկել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

ԻԿՕՄՕՍ-ը մտահոգված է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված,  ինչպես նաեւ ազգային ու տեղական նշանակություն ունեցող  մշակութային ժառանգության պահպանությամբ. հուշարձաններ, պատմական բնակավայրեր, հնագիտական վայրեր, թանգարաններ ու մշակութային այլ օջախներ:

Սիրիական ընդհարման հենց սկզբից Սիրիայի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության դիմումներով հանդես է եկել նաեւ «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն` կոչ անելով պաշտպանել այս երկրի անգնահատելի մշակութային ժառանգությունը»: