Հարավային Ֆրանսիայում` Լանգդոկ Ռուսիյոն շրջանում «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում Հայաստանի մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիական գինեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Ժան-Բատիստ Սուլան:
«Առաջին անգամ, երբ խոսեցինք այս մրցույթին Հայաստանի մասնակցության մասին, կարծիք կար, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող մասնակցել, քանի որ երբեք ներառված չէր եղել ոչ միայն մասնակիցների ցուցակում, այլ ընդհանրապես` որեւէ նման միջազգային մրցույթի: Մասնակցությամբ` Հայաստռանը կրկին անգամ աշխարհին ապացուցեց, որ ունի այնպիսի հողեր, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան գինի ստանալու հնարավորություն են տալիս», - ասաց նա: «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինու 2012թ մրցույթին «Արմենիա» անունով մուսկատ տեսակի գինին ներկայացրել էր «Արմենիա Վայն» գինու գործարանը:
Մրցույթի երկու օրերի ընթացքում միջազգային փորձագետները գնահատել են «Մուսկատ» խաղողի տեսակից պատրաստված 232 գինիներ ամբողջ աշխարհից: Մրցույթին մասնակցում էին առաջատար գինեգործական ընկերություններ 24 երկրներից, այդ թվում` Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեցարիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից, Իսպանիայից: Հայաստանը մրցույթին մասնակցում էր առաջին անգամ, սակայն, կազմակերպիչների հավաստմամբ, այսուհետ մեր երկրի մասնակցությունը շարունակական կդառնա:
Նշենք, որ արդեն 12 տարի է, ինչ մրցույթի կազմակերպիչները խրախուսում են մուսկատ տեսակի խաղողից գինիների պատրաստումը` հուլիսի վերջին Ֆրանսիայում համախմբելով գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպություններն ու անհատներին: Միջազգային մրցույթի նախապայմաններն էին` ժյուրիի կազմի մանրակրկիտ ընտրությունը, յուրաքանչյուր դեգուստատորի մեթոդոլոգիական վերապատրաստումը, մրցույթի անթերի կազմակերպումը` որակի նորմերին համապատասխան, համտեսի իդեալական պայմանների ապահովում: Ժյուրիի կազմում էին գինեգործներ, մառանատերեր, այգեգործներ, դեգուստատորներ, մասնագիտացած լրագրողներ` աշխարհի 5 մայրցամաքներից:


























