Հայաստանյան 1019 ընկերություն 2011 թ. արդյունքներով հայտարարագրել է հարկային վնաս: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Վնաս հայտարարագրած ընկերությունների մեծ մասը հայտնի ընկերություններ չեն, կան նաեւ, որոնց կողմից վնասի հայտարարագրումը միանգամայն սպասելի է` «Նաիրիտ», «Գաֆեսճեան թանգարան», «Լուսակերտ բիոգազ» եւ այլն: Ամենաշատ հարկային վնաս հայտարարագրել է «Հայգազարդ» փաստացի չգործող ընկերությունը` 87 մլրդ դրամ: Երկրորդ տեղում «Նաիրիտն» է` 30 մլրդ դրամ:
Իսկ երրորդ տեղում հայտնվել է «Օրանժ Արմենիան»` 29 մլրդ դրամ վնասով: Հայտնի ընկերություններից հարկային վնասներ են հայտարարագրել նաեւ «Հայռուսգազարդը»` 19.5 մլրդ դրամ, «Ռուսալ Արմենիան»` 12 մլրդ դրամ, «Հարավկովկասյան երկաթուղին»` 6 մլրդ դրամ, «Սթար դիվայդը»` 3 մլրդ դրամ:
Հարկային վնասներ են հայտարարագրել նաեւ 3 բանկ` «Կոնվերս բանկ» (2.6 մլրդ դրամ), «Պրոկրեդիտ բանկ» (870 մլն դրամ) եւ «ԲՏԱ բանկ» (850 մլն դրամ);
Վնասներ ունեն նաեւ ապահովագրական ընկերությունները` «Ռոսգոսստրախ Արմենիան» (680 մլն դրամ), «Ռեսոն» (50 մլն դրամ):
Ինտերնետ-մատակարար ընկերությունների մոտ նույնպես խնդիրներ կան: «Արմենիան Դեյթաքոմ Քամփնին» հայտարարագրել է 2.2 մլրդ դրամի վնաս, իսկ «Յուքոմը»` 127 մլն դրամ:


























