Արդեն երրորդ տարին է, որ ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հունիս-հուլիս ամիսների ընթացքում իրականացնում է ամառային հատուկ ուսումնական ծրագրեր՝ սփյուռքահայ համալսարանականների համար, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրների ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորող հայ երիտասարդներին ծանոթացնել ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնություններին, ՀՀ պատվիրակությունների գործունեությանը, Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, կազմակերպության  հիմնական մարմինների, գործակալությունների ու հիմնադրամների աշխատանքներին ու գործառույթներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչությունում ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացված դասախոսությունների,  պրակտիկ դասաժամերի միջոցով ծրագրի մասնակիցները ծանոթանում են միջազգային օրակարգի հրատապ հարցերին, պատրաստում զեկույցներ, հաղորդագրություններ, հայ դիվանագետների ուղեկցությամբ այցելում ՄԱԿ ու ներկա գտնվում կազմակերպության տարբեր մարմինների նիստերին, հանդիպում ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչների եւ օտարերկրյա դիվանագետների հետ: Ամառային ուսումնական ծրագիրը ներառում է նաեւ այցելություններ ԱՄՆ արեւելյան ափի հայաշատ կենտրոններ, ինչպես նաեւ հանիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս տարի ծրագրին մասնակցում էին հայ երիտասարդներ Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Արցախից եւ ԱՄՆ-ից, որոնց ընտրությունը նախապես իրականացվել էր Նյու Յորքում գործող ամերիկահայ կառույցների կողմից: