2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում շատ բան կախված կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից, քանի որ ընտրված  քաղաքապետերը, գյուղապետերը աշխատելու են կոնկրետ կուսակցության օգտին: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Նա պատրաստվում է աշնանը հարցում անցկացնել` պարզելու, թե ընդդիմադիր դաշտն ինչպես կներկայանա նախագահական ընտրություններին՝ միասնակա՞ն թեկնածուով, թե՞ առանձին: Այդուհանդերձ, ըստ սոցիոլոգի, դա բարդ խնդիր է, քանի որ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վահան Հովհաննիսյանը ամբիցիոզ դեմքեր են, իսկ ընդդիմության չմիավորվելու դեպքում կհեշտանա Սերժ Սարգսյանի գործը:

Ադիբեկյանը նաեւ խնդիր է տեսնում, թե ում կծառայեն ԲՀԿ-ի ձայները` Քոչարյանի՞ն, Ծառուկյանի՞ն, Օսկանյանի՞ն, թե՞ ուրիշի:  Հարցին, թե  Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ է որպես նախագահի թեկնածու, սոցիոլոգը պատասխանեց. «Նա Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի: Եթե համագումարը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անցողիկ չի, չմասնակցե՞ն, ո՞ւմ առաջադրեն»: