«Clarin» օրաթերթի կիրակնօրյա ամսագիր-հավելվածում լույս է տեսել «Խոստումների երկիր» վերնագրով Ադրբեջանին նվիրված հոդված: Հոդվածագիր Մարտինա Արտուսան ընթերցողներին է ներկայացնում այդ երկրի մասին իր տպավորությունները: Անդրադառնալով Արգենտինայի ներքին առեւտրի քարտուղար Գիժերմո Մորենոյի եւ մոտ 300 ձեռնարկատերերի վերջերս Ադրբեջան կատարած այցին` հոդվածագիրը, որպես այդ երկրի գլխավոր գրավչություն, վկայակոչում է վառելիքաէներգետիկ ռեսուրսները: Ըստ Արտուսայի` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն շինարարական բում է ապրում, որը, սակայն, տեղի է ունենում հասարակ քաղաքացիների շահերի անտեսմամբ: Մասնավորապես, երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, որն իշխանությունը ժառանգեց իր հորից` Հեյդար Ալիեւից, իր երկրի քաղաքացիներին նոր շենքերի կառուցման նպատակով վերցված տարածքների դիմաց վճարում է մեկ քմ-ի համար 1900 դոլար, այն պարագայում, երբ դրա շուկայական արժեքը կազմում է մոտ 5000 դոլար:
Մ. Արտուսան նշում է, որ Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության տրամադրած տեղեկատվության համաձայն, 2009 թ. Ադրբեջանն արտադրել է 51 մլն տոննա նավթ եւ 27 մլրդ. խմ. գազ: Ադրբեջանը վերջերս Իսրայելից 1,5 մլրդ. ԱՄՆ դոլարի սպառազինություն գնեց, այն դեպքում, երբ ուսուցչի ամսական միջին աշխատավարձը 250 ԱՄՆ դոլար է կազմում:
«Միաժամանակ, այն հակամարտությունների վայր է։ Հարեւան Հայաստանի հետ դեռեւս չի լուծված Լեռնային Ղարաբաղի խնդիրը, շարունակում են լարված մնալ հարաբերությունները հարեւան Իրանի հետ: Հունիսին ազերիները մերժեցին Իրանի բարձրագույն պաշտոնյայի մուտքը երկիր եւ երկու պետությունների դեսպանները հրահանգ ստացան վերադառնալ իրենց երկրներ»,- գրում է հոդվածագիրն ու հավելում, որ այս երկիրը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների ոլորտում: Ադրբեջանում չեն թույլատրվում հասարակական բողոքները, մամուլը հետապնդումների է ենթարկվում կառավարության կողմից, իսկ կրոնական խմբերի նկատմամբ սահմանափակումները գնալով ավելի են մեծանում:



























