Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետեւողական վերահսկողություն իրականացնել մաքսային ոլորտում, մասնավորապես մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այդ միջոցառումների շրջանակում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել:

Այսպես, Երեւանում բնակվող ԱՄՆ  քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված  ծանրոցի նախնական  զննման  ժամանակ վարչության աշխատակիցները  գետնանուշի յուղի միջից  հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Բագրատաշենի մաքսակետում եւս կանխվել է մաքսանենգության դեպք. զննության է ենթարկվել KAMAZ մակնիշի  ավտոմեքենան, որն Իրանից Մեղրիի մաքսակետով տարանցիկ փոխադրում էր վրացական ընկերությանը պատկանող 8.5 տոննա ընդհանուր քաշով  բեռը: Այստեղ էլ պարզվել է, որ Այնթապ գյուղի տարածքում բեռնատարի փականն առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու բացվել է եւ եղած բեռը, մասնավորապես` զուգագուլպաներ եւ ռետինե արտադրանք, փոխարինվել է նույն քաշի այլ ապրանքով: Նման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է Բավրայի մաքսակետում, երբ Վրաստանի քաղաքացի Մոռալիշվիլին փորձել է հայտարարագրված մոտ 5 տոննա գազարի անվան տակ Հայաստանից Վրաստան արտահանել մոտ 10 տոննա խաղող` պատճառաբանելով, որ Վրաստանում արգելված է խաղողի ներկրումը:

Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման մեկ այլ դեպք էլ օրերս  է կանխվել. «Ֆիրմա Նյու» մաքսային հսկողության տարածքում արտաքին տեսողական զննման է ենթարկվել քաղաքացի Սասուն Կոծինյանի կողմից ՀՀ ներմուծված բեռը տեղափոխող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա հայտարարագրված եւ առկա բեռի քաշի  միջեւ: Քաղաքացի Կոծինյանի խոսքով, Բագրատաշենի մաքսակետում բեռը ստուգելուց եւ  կապարակնքելուց հետո մինչեւ մաքսային պահեստ մտնելը, առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու,  չհայտարարագրված ապրանքի մի մասը` 640 կգ ընդհանուր քաշով հագուստ  եւ կենցաղային ապրանքներ, նա բեռնաթափել է Աբովյան քաղաքի իր  ավտոտնակում` մաքսային վճարներից խուսափելու նպատակով: