Հայաստանի սփյուռքի նախարարությունում կայացավ հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած, ինչպես նաև երևանաբնակ սիրիահայերի հետ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրներին նվիրված հարցեր:

Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը սփյուռքի նախարարությունն է:

Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլև դասակարգել է դրանք և վերահասցեագրել է պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առնչվել են:

Նախարարը մասնավորապես տեղեկացրեց, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը անցնում է 10-ից, տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:

Տիկին Հակոբյանը նշեց, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է:  Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:

Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:

Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները 50 տոկոսի չափով հաշվարկել ուղղությամբ, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:

Ինչպես արդեն հաղորդվել է, հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրվեն սիրիահայ ուսանողներին:

Նախարարը նշեց, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:

Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝  մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:

Տիկին Հակոբյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին,  և «Սփյուռք» ամառային դպրոցի «Լրագրողների վերապատրաստման դասընթացներին», «Երիտասարդ առաջնորդների դասընթացներին» մասնակցություն են ունեցել և շարունակում են մասնակցել սիրիահայ երիտասարդները:

Նախարարը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ 

Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին /Դատական փորձագետների և իրավագետների ասոցացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, «Հայազն», «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» խումբ և «Հայրենադարձ ընտանիքներին աջակցության» ֆեյսբուքյան խումբ/, որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:

Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:

Ողջունելի են նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվեց, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտեցին, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք, կարևորեցին ՀՀ սփյոևռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունը և հույս հայտնեցին, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:

Նրանք նաև առաջարկեցին, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրեցին, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքը և խոչընդոտել խնդիրների լուծմանը: