«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու նպատակով օգոստոսի 2-ին տեղի է ունեցել հանդիպում քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների  միջեւ:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը կարեւորել են դեռեւս 2011 թվականին հավանության արժանացած ծրագրի մեկնարկը, որի  նպատակն է նպաստել  բազմաբնակարան բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է նշյալ ծրագրին տրամադրել տեխնիկական աջակցություն: Հայկական կողմն ընդգծել է ծրագրի իրականացման գործում հասարակության իրազեկվածության ապահովման հանգամանքը:

Ծրագրի  իրականացումը մեծապես կնպաստի ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսված «Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում» միջոցառման իրականացման ապահովմանը: