Լոռիի մարզում այս տարվա յոթ ամիսներին մարզում հողի հարկը հավաքագրվել է մոտ 37 մլն դրամ պակաս: Այդ մասին այսօր` օգոստոսի 3-ին հայտարարել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այսօր լրացավ նրա պաշտոնավարման մեկ տարին, եւ մարզպետն ամփոփում էր մարզում պաշտոնավարման մեկ տարում նկատած խնդիրներն ու ձեռքբերումները:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման գործում դրական տեղաշարժ կա, ինչը նկատելի է, ասել է Արթուր Նալբանդյանը, շեշտելով, որ այստեղ միակ խնդիրը հողի հարկի հավաքագրումն է:

«Այս տարվա յոթ ամիսներին մարզում հողի հարկը հավաքագրվել է մոտ 37 մլն դրամ պակաս: Կարծում եմ այս խնդիրը առաջիկայում կլուծվի, քանի որ շուտով բերքահավաք է, իսկ հարկերը գյուղացին վճարում է բերքից ստացված գումարներով»,- նշել է մարզպետը:

Արթուր Նալբանդյանի փոխանցմամբ` վերջին մեկ տարում շուրջ հազար երկու հարյուր հեկտարով ավելացել են ցանքատարածությունները, ավելացել է նաև անասնագլխաքանակը, չնայած որ այս տարի հնարավոր է անասնագլխաքանակի նվազում. «Մենք այս տարի մտավախություն ունենք, որ անասնագլխաքանակի նվազում կլինի, պատճառը խոտհարքներում խոտի քիչ քանակությունն է, իսկ արդեն հնձված խոտի մեկ հակի գինը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի բարձր է…»:

Շարունակելով գյուղոլորտի թեման, մարզպետ Արթուր Նալբանդյանը նկատեց, որ մարզի համայնքների գյուղտեխնիկայի մեծ մասը հնացած է, ու այսօր իրենք կառավարության հետ համատեղ տարբեր ծրագրեր են իրականացնում գյուղական համայնքներին նոր գյուղտեխնիկա տրամադրելու ուղղությամբ. «Ֆիոլոտեվո և Մղարթ համայնքները նախորդ տարի ստացել են երկուական գյուղտեխնիկա»:

Գյուղոլորտում այս տարի խնդիրներ կան նաև ցորիենի բերքի հետ, ըստ մարզպետի այս տարի ակնկալվում է եռակի անգամ քիչ բերք: Սակայն գյուղացու հետ կնքված պայմանագրում հստակ նշված է, որ ֆորսժմաժորի դեպքում գյուղացին կրկին պարտավոր է հետ վերադարձնել ստացված սերմացուն:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի