Հունիսի 17 «Հարսնաքարում» դաժան ծեծի արդյունքում սպանված Վահե Ավետյանի գործը հանձնվել է մի մարդու` Վահագն Հարությունյանին, ով հայտնի է Մարտի մեկի գործի չբացահայտմամբ, ինչը թուլ է տալիս ենթադրել, որ գործը կոծկելու փորձ է արվում:Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց Վահե Ավետյան նախաձեռնական խմբի  եւ «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով, իշխանության հաշվարկը հետեւյալն է, «ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի եւ իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկվի գործը եւ արժանի պատժից կազատվեն յուրայինները»:

Նա միաժամանակ նկատեց, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները, քանի որ Հայաստանում ներկայումս առկա է գրագետ եւ երիտասարդ  նոր սերունդ, որոնք պատրաստ են պայքարել մինչեւ վերջ: Չուգասզյանը նաեւ տեղեկացրեց, որ Վահե Ավետյանի քառասուն օրվա կապակցությամբ  մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ քսան երկրների հայ համայնքի ներկայացուցիչները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի