Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիեւի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերը իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երեւակայության արգասիք:
ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլեւ զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երեւում են «Աղդարան» (Մարտակերտը) եւ «Քելբաջարը» (Քարվաճառը) եւ այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում:
«Չնայած անշնորհակալ գործ է նման անլուրջ ապատեղեկատվությանն անդրադառնալը, այդուհանդերձ, հաշվի առնելով տարածված հաղորդագրության հանդեպ հասարակության դրսեւորած հետաքրքրությունը, ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը հայտնում է հետեւյալը. – իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլեւ թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլեւ հակառակը, միայն հուլիսի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ եւ 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլեւ այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված եւ սեփական ժողովրդին արհեստականորեն ոգեւորելու դատարկախոսություն լինելուց, որեւէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:
Վերոնշյալն ամփոփելով նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ եւս ադրբեջանական պրոպագանդան, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարեւան, բայց ոչ բարյացկամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երեւակայությանը, այլեւ դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիեւի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլեւ իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն:




























