Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր` օգոստոսի 7-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս:
ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսին արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3 տոկոս` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին:
Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային եւ կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում եւ ԱՄՆ-ում չոր եղանակի հետեւանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձեւավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով:
Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատել է թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի արագացող տեմպերով, ինչը հնարավոր է կշարունակվի նաեւ առաջիկա ամիսներին` հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը եւ գնաճային ներուժի ձեւավորմանը:
Հաշվի առնելով առաջիկայում գնաճի` 2012 թ-ի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաեւ գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձեւավորվի տատանումների թույլատրելի 4 տոկոս +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում:



























