Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին. «Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին:
Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք եւ պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:
Մենք խիստ կարեւորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաեւ սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձեւաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի եւ անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության եւ սփռվածության պարագայում:
Հայոց լեզվի եւ հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով եւ ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ եւ նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ համագործակցության զարգացման ուղիները:
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաեւ սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:




























