Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան եւ Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում։ Քաղաքապետն անթույլատրելի է համարել առկա թերացումները եւ հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին եւ բնակիչներին օրինական դաշտ բերելու եւ այդ մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Կարեւորելով մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման եւ կանչապատման աշխատանքները` քաղաքապետը, բավարար գնահատելով դրանք, ընդգծել է, որ աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն։ Այս ոլորտում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Նուբարաշեն վարչական շրջանում:
Արաբկիր վարչական շրջանը, տարբեր ոլորտներում հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ, նախորդ ամսվա համեմատ, աղյուսակային ընդհանուր սանդղակում բարելավել է իր վարկանիշային տեղը:
Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով, առավել հետեւողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ եւ անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։




























