Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջեւան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ  «Իջեւանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։ Բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձեւաթղթով ծանուցագրեր` ընկերության նկատմամբ բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ,  որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ եւ պարզաբանումներ:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված պարտքի գումարներն առաջացել են Իջեւան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր եւ վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։ Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր եւ վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը, եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարությունից  հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ եւ 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջեւանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները: