Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի փաստաբանը հերքում է, թե իր պաշտպանյալը ներման խնդրագիր է ներկայացրել հանրապետության նախագահին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Վասակյանը հերքեց այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունները:
«Միանշանակ, որեւէ դիմում չի գրել»,- նշեց Վասակյանը: Իսկ հարցին, հնարավոր է, որ առաջիկայում գրի, փաստաբանը պատասխանեց. «Չեմ բացառում: Այս պահին, որ չկա, դա հստակ է»:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, նա դիմումէ գրել` խնդրելով ներում շնորհել իրեն:
Ինչպես ավելի վվղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























