Սյունիքի մարզի Մունցք գյուղում գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են ներկայիս գյուղապետը` Դրաստամատ Նավասարդյանն, ով 16 տարի է ինչ ղեկավարում է համայնքը, եւ նրա ուսուցչուհի կինը` Հայկանդուխտ Կիրակոսյանը: NEWS.am-ի թղթակիցը փորձեց զրուցել միմյանց դեմ պայքարի դուրս եկած ամուսինների հետ` պարզելու առաջադրման պատճառները:

Տիկին Կիրակոսյան, Դուք ընտրապայքարի եք դուրս եկել, ոչ միայն 16 տարի գյուղը ղեկավարող գյուղապետի, այլեւ Ձեր ամուսնու դեմ: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ի՞նչը Ձեզ չէր գոհացնում:

Ոչ մի պատճառ չկա, ուղղակի օրենքով արգելք չկա եւ ես դրել եմ իմ թեկնածությունը: Ինչ վերաբերում է դուր գալուն կամ չգալուն, ապա չգոհացնող ոչինչ չկա:

Այսինքն` հավեսի համա՞ր եք առաջադրել Ձեր թեկնածությունը:

Ոչ, թե հավեսի, այլ ուղղակի ես էլ եմ ցանկանում այդ ասպարեզ մտնել, աշխատել: Ինչո՞ւ չէ:

Ինչպես հասկացա, ուզում եք գյուղի առաջին տիկինը լինել, ոչ թե գյուղապետի կին, այլ գյուղապետի կարգավիճակով:

Հա: Համ էլ ես էլ եմ ցանկացել այս բնագավառում աշխատել: Դրա համար հիմա դրել եմ իմ թեկնածությունը:

Իսկ ինչպե՞ս եք Ձեր ընտրապայքարը իրականացնում միմյանց դեմ թե տանը, թե տանից դուրս:

Ես իմ նպատակը ունեմ, ինքը իր նպատակը: Հիմա չեմ կարող մանրամասնել, բայց երկուսիս նպատակն էլ մեր գյուղի խնդիրների վերհանումն է եւ հետագա զարգացման ծրագրերը:

Քանի երեխա ունե՞ք: Հետաքրքրվե՞լ եք, թե ում են իրենց ձայնը տալու:

2 տղա ունեմ: Բայց չգիտեմ, թե ում են իրենց ձայնը տալու` ինձ, թե իրենց հորը:

Չե՞ք փորձելու երեխաներին ընտրակաշառքով կաշառել:

Չէ, չէ, նման բան չկա: Իրենք համ ինձ են հարգում, համ իրենց հորը:

Լավ, որ հարցնում եք մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ, ինչ են պատասխանում:

Տղաներիցս մեկը մորն ա շատ սիրում, մյուսը` հորը:

Իսկ Ձեր տղաներն ինչպե՞ս արձագանքեցին Ձեր առաջադրմանը:

Դե տղաներս սկզբում դեմ եղան: Մանավանդ, որ իրենց հոր դեմ էի դուրս գալիս: Բայց ես իմ սկզբունքներին տեր եղա եւ պայքարեցի:

Աստված մի արասցե, հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո Ձեր ընտանիքում ամուսնալուծության հարց բարձրացվի:

Չէ, չէ, չէ: Մենք ընթացքում հաշվի ենք նստել իրար հետ, որ որ մեկս հաղթի նա էլ,  թող աշխատի: Նման բան մեր ընտանիքում չի լինի երբեք: Ինքնաբացարկներ էլ չեն լինի:

Գյուղում Ձեր երկրպագունե՞րն են շատ, թե՞ Ձեր ամուսնու:

Առայժմ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ես իմ երկրպագուներն ունեմ, ինքը` իր:

Ձեր մրցակցությունը գյուղում բամբասանքի առիթ չի՞ դարձել:

Չէ, գյուղում մեր  ընտանիքին հարգում են:

Ձեր ամուսնու ամենամեծ թերությունը կբարձրաձայնեի՞ք:

Ամուսինս թերություններ չունի:

Սա արդեն ընտրապայքարի նման չէ: Միգուցե՞ տպավորություն եք ստեղծում, որ գնալու եք ընտրությունների օրը Ձեր ձայնը ամուսնուն տաք:

Չէ, չէ դա անհնարին բան է: Ես գնալու եմ ինձ ընտրեմ:

Հ.Գ. NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի հետ, սակայն նրա կինը փոխանցեց, որ ամուսինը գործերով գնացել է դաշտ, որտեղ նույնիսկ հեռախոսային կապ չկա: Ի դեպ, մենք զանգել էինք ամուսնու հեռախոսահամարին, սակայն հեռախոսազանգին կինը պատասխանեց:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը