Օգոստոսի 18-ին Վանաձորում քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ, կայացել է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցել են շահառու բոլոր գյուղական համայնքների ղեկավարները:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Ս. Թադեւոսյանը տեղեկացրել է, թե նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.) Լոռիի մարզի 24 գյուղական համայնքների հերթացուցակներում հաշվառված մոտ 1720 ընտանիքից, մոտ 1400-ը շինարարական ծրագրի շրջանակներում տուն ստանալու հավակնող են:
«Այսօրվա դրությամբ 980 ընտանիք ճանաչվել է այս ծրագրի շահառու, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 380 տուն, որոնցից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում նախատեսված է լրացուցիչ կառուցել մոտ 100 բնակարան: Ներկայում ընթանում է այդ բնակարանները ստանալու հավակնող ընտանիքների փաթեթներն անհրաժշետ փաստաթղթերով համալրելու գործընթացը»,- ավելացրել է նախարարը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Լոռիի մարզում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 70 ընտանիքների փաստաթղթային փաթեթները, որի արդյունքով էլ կպայմանավորվի առաջիկայում լրացուցիչ տների կառուցման քանակը:
Հաշվի առնելով գյուղական բնակավայրերում շինարարական ընթացքի հետ կապված համայնքի ղեկավարների կողմից բարձրացրած խնդիրները` նախարար Ս. Թադեւոսյանը հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում համայնքի ղեկավարների եւ կառուցապատող ընկերության ղեկավարության հետ:




























