Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի` «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզային թղթակցին վիրավորելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեց Ս. Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: «Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում պարոն Բալասանյանը որեւէ լրագրողի հանդեպ երբեւիցե չի հնչեցրել վիրավորական արտահայտություն: Միաժամանակ կոչ եմ անում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանը, ով ամենայն հավանականության ոչ դիտավորությամբ եւ ակամայից հայտնվել է ապատեղեկատվություն տարածողի դերում, շտկելու համար ստեղծված վիճակը հանրության սեփականությունը դարձնել լրագրողի եւ պարոն Բալասանյանի խոսակցության ձայնագրությունը, հակառակ պարագայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր' խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- տեղեկացրել է Զոհրաբ Եգանյանը::
Նշենք, որ «ՀԺ» գրել էր, թե Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ներկայում Աժ պատգամավոր, նաեւ Աժ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է իրենց թղթակցուհուն: «Թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին` մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն` գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում: Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երեւի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել եւ այլն, եւ այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները»,- գրել էր թերթը:
«ՀԺ-ի» խմբագիր Հայկ Գեւորգյանը գրում է. «Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով եւ միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ եւ տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել մեր թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ: Դե, Բալասանյանը երեւի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, եւ որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է` բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է»:



























