Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում:

Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար: