Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քաղաքի  պատերը հեղեղված են քաղաքապետի եւ ավագանու անդամության թեկնածուների գովազդային պաստառներով, որոնք փակցված են ամենուր՝ խանութներից մինչեւ մեքենաների ապակիների վրա: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեռ ԱԺ ընտրություններից մնացած եւ պատառոտված պաստառներից մեծ մասը չեն մաքրվել, դրանց էլ գումարվել են նորերը, որոնք ըստ վանաձորցիների, ամբողջովին գցում են քաղաքի տեսքը:

Վերջերս մի առիթով Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ասել էր, որ ԱԺ ընտրություններից մնացել են միայն պարտված թեկնածուների պաստառները. «Ովքեր հաղթում են, օրենքով սահմանված կարգով հանում մաքրում են, իսկ եթե փորձում ենք մեկին չստիպել, այլ առաջարկել, որ պատերի վրայից հանի իր գովազդը, անմիջապես քաղաքական ենթատեքստ են տալիս»,- ասել էր նա:

Իսկ թե այս անգամ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների թեկնածուների պաստառները դեռ քանի ամիս կշարունակեն կեղտոտել մարզկենտրոնի կենտրոնական փողոցները, դժվար չէ կռահել, մինչ հաջորդ ընտրություններ, երբ պատառոտվածների վրա կփակցվեն նորերը ու այդպես շարունակ, իսկ քաղաքապետարանն էլ կամ կխուսափի օրենքը խախտող թեկնածուներին պարտավորեցնել, կամ էլ….:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի