«Հրապարակը» գրում է, թե «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը դեռեւս չի վաճառվել, չնայած հաստատության պատին այլեւս փակցված չէ «վաճառվում է» ցուցանակը:
«Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը: «Գնորդները շատ են, բայց ես ուզում եմ, որ ռեստորանն արժանի ձեռքերում հայտնվի: Ցուցանակն էլ ուղղակի հանել ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեփականատիրոջ մոտ ռեստորանը վաճառելու ցանկությունն առաջացավ «Յունիբանկի» հետ ունեցած վեճից հետո: Մանվել Տեր-Առաքելյանը գրավադրել էր այն «Յունիբանկում», իսկ հիմա բանկը դատական կարգով փորձում է վերցնել ռեստորանը՝ պնդելով, որ Մանվել Տեր-Առաքելյանը չի կատարել վարկային պարտավորությունները: Դատական գործընթացները դեռեւս շարունակվում են, որին զուգահեռ, սեփականատերը փորձում է վաճառել ռեստորանը, որպեսզի այն բաժին չհասնի բանկին:
Երկար ժամանակ ռեստորանի երկայնքով փակցված էր «վաճառվում է» ցուցանակը: Մամուլում նույնիսկ գրվեց, որ այն գնել է նախկին պատգամավոր, գործարար Հարութ Փամբուկյանը, սակայն հետո դա հերքվեց: Փաստորեն, ըստ սեփականատիրոջ, դեռեւս արժանի գնորդ չի գտնվում»:


























