Մասիսում հնչած կրակոցներից եւ որդու ձերբակալությունից հետո ինքնաբացարկ հայտնած Մասիսի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալաքյանը չգիտի վաղը, մյուս օրը ապրելու է, թե ոչ, հետեւաբար չի կարող ասել հաջորդ ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Ավետիք Դալաքյանը:

Դալաքյանը հավատացրեց, որ Մասիսում հնչած վերջին կրակոցները եւ իր որդու` Վոլոդյա Դալաքյանի ձերբակալությունը կապ չունեն իր որոշման հետ: Իսկ հնչած կրակոցները, ոչ  իր դեմ էր, ոչ կուսակցության, այլ պատահաբար է ստացվել: Բայց հավատացրեց, որ իր տղային անմեղ տեղն են ձերբակալել: «Ես իմ առողջական վիճակից ելնելով եմ ինքնաբացարկ հայտնել: Ու էլ ոչ մի բան, ոչ կարող եմ ասել, ոչ էլ, որեւէ բանից տեղյակ եմ»,- ընդգծեց Ավետիք Դալաքյանը եւ ավելացրեց, որ իր առողջական վիճակը այլեւս չի ներում, որ այլ հարցերի պատասխանի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում օգոստոսի 13-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության փաստով բերման ենթարկված, 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը եւ 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը  կալանավորվել են: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում օգոստոսի 13-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը եւ 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը կրակահերթ են արձակել: Համբարձում Հովհաննիսյանը միտումնավոր իր մոտ եղած դանակով ծակել էր Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված մեքենան, որից հետո Վոլոդյա Դալլաքյանը իր մոտ եղած երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ: Վերջինս, բարեբախտաբար փախել էր, սակայն ավելի ուշ վերադարձել դեպքի վայր եւ Մակարով տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել տան դիմաց կայանված մեքենայի ուղղությամբ: Վոլոդյա Դալլաքյանը  Ավետիք Դալլաքյանի որդին է: