Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը վնասներ է կրում Libor-ի գործակցի պատճառով: Հիշեցնենք` Libor-ը (London Interbank Offered Rate) Լոնդոնի միջբանկային վարկային շուկայի դրույքաչափն է, ցույց է տալիս, թե բանկերը ինչ դրույքաչափով են պատրաստ վարկավորել մեկմեկու: Ընդ որում` յուրաքանչյուր արժույթի համար սահմանվում է առանձին Libor: Այս գործակիցն ունի նաեւ միջազգային նշանակություն` այն հիմք է ընդունվում համարյա ողջ աշխարհում` տարաբնույթ պարտքային գործարքներ իրականացնելիս: Մասնավորապես` Ռուսաստանը 2009 թ. Հայաստանին 500 մլն դոլար վարկ հատկացրեց Libor+3 տոկոսադրույքով: Ընդ որում` որպես հաշվարկային հիմք ընդունվեց ԱՄՆ դոլարի 6ամսյա Libor-ը; Ի դեպ` Հայաստանի արտաքին պարտքի պորտֆելում սա Libor-ի միջոցով հաշվարկված միակ վարկային պայմանագիրը չէ: Libor-ով են հաշվարկված նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Միջազգային բանկի մի շարք պայմանագրեր` մոտ 230 մլն դոլարի չափով, Ասիական զարգացման բանկից Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի երկրորդ մասնաբաժինը`170 մլն դոլար (Libor+0.3),  «ՎՏԲ Հայաստան Բանկի» հանդեպ ունեցած 30 մլն դոլար վարկը (Libor+3.5): Այսպիսով` Հայաստանն ունի Libor-ով հաշվարկված մոտ 930 մլն դոլարի վարկային պարտավորություն, իսկ դա մեր արտաքին պարտքի մոտ քառորդ մասն է:

Քանի որ Libor-ի տոկոսադրույքների փոփոխություններն անկանխատեսելի են, ապա վարկի հետ կապված ռիսկեր միշտ էլ առկա են: Երբ Հայաստանը վարկ էր վերցնում Ռուսաստանից (2009 թ. մայիս)` 6ամսյա Libor-ի տոկոսադրույքը մոտ 1.2 %-ի շրջանակներում էր: Այսինքն` տվյալ պահին Հայաստանը վարկ ստացել է 4.2 %-ով: Սակայն պայմաններն այնպիսին են, որ Libor-ը հաշվարկելու են ոչ թե ստացման պահին, այլ վճարումներն իրականացնելիս, իսկ ռուսական վարկի մարումները սկսում են 2013 թվականից: Մարումներն իրականացվելու են 5 տարվա ընթացքում, տարեկան մոտ 80-85 մլն դոլարի սահմաններում: Թե ինչպիսին կլինի Libor-ը 2013 թ. եւ հետագա տարիներին` դժվար է կանխատեսել: Վերջին մի քանի տարիներին Libor-ը միշտ էլ գտնվել է ցածր մակարդակի վրա, թեեւ 2000-ականների կեսերին բարձրացել է մինչեւ 7%:

Սակայն այս պահին անհանգստանալու առիթ չկա` 6-ամսյա Libor-ը ընդամենը 0.7% է: Եթե այս մակարդակը պահպանվի, ապա Հայաստանը ավելի քիչ տոկոսավճար կվճարի Ռուսաստանին եւ մյուս վարկատուներին, քան նախատեսում էր վարկ վերցնելիս: Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանի վարկային պայմանագրերը երկարատեւ են, ապա Libor-ի հետ կապված ռիսկերը միշտ էլ առկա կլինեն:

Սամվել Ավագյան