Այսօր` օգոստոսի 30-ին Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաեւ 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ հանձնաժողովի խնդիրներն են`
1. 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների ուսումնասիրությունը,
2. 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը,
3. գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ բոլոր հանցագոծությունների վերաբերյալ ուսումնասիրությունը:



























