Հայաստանի կառավարության 2012թ. օգոստոսի 9-ի N 998-Ն որոշման համաձայն` Հայրենական մեծ պատերազմի 100 վետերան հանգստի եւ վերականգնողական բուժման նպատակով կայցելի «Արզնի» առողջարանային կենտրոն: Հանգստի ծախսերը կկատարվեն ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:  Կազմակերպչական բոլոր աշխատանքները կիրականացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հանգստացողների ցուցակները համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի հետ:

Օգոստոսի 30-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանն ու նախարարության աշխատակիցները ճանապարհեցին վետերանների առաջին խմբին` մաղթելով նրանց ակտիվ հանգիստ եւ բարի վերադարձ:

«Արզնի» առողջարանային կենտրոնում նրանք կանցկացնեն 12 օր, որոնք հագեցած կլինեն տարատեսակ միջոցառումներով` կինոդիտումներ, էքսկուրսիաներ, համերգներ: Անհրաժեշտության դեպքում բուժանձնակազմի ցուցումներով կստանան առողջարանային բուժում:

Հանգստացողների 2-րդ եւ 3-րդ խմբերը կմեկնեն հաջորդիվ` սեպտեմբերի 13-ին եւ 26-ին: