Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհի Անգինը 3-ամյա որդու հետ աշխատանք գտնելու նպատակով գալիս է քաղաք եւ հետ վերադառնալուց 3 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ ունենում իրեն ուղեկցելու առաջարկ հայտնած Գուրգենի հետ: Բայց հասնելով գյուղ` Անգինը զանգահարում է գյուղը սպասարկող տեղամասային տեսուչին եւ ասում, թե Գուրգենը իրեն բռնաբարել է:
Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ գործը քննվել է իրենց մոտ եւ օգոստոսի 22-ին սույն գործով վճիռը արդեն հրապարակվել է: Անդրադառնալով նախապատմությանը` նշենք, որ 26-ամյա Անգին Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. մայիսի 5-ին իր անչափահաս որդու հետ գնացել է Երեւան քաղաք` աշխատանք փնտրելու նպատակով: Նույն օրը` ժամը 11.00-ի սահմաններում, վերջացնելով իր գործերը Երեւան քաղաքում, որոշել է վերադառնալ Արագածոտնի մարզի գյուղերից մեկը, որտեղ բնակվում է: Ընթացքում Երեւան քաղաքի 16-րդ թաղամասում գտնվող կանգառից պատահական Ֆորդ մակնիշի սպիտակ գույնի մեքենայով հասել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկ, որտեղ երեխայի հետ իջել է մեքենայից, որպեսզի ինչ-որ մեքենայով գնա գյուղ: Մոտ 5 րոպե նշված խաչմերուկում կանգնելուց հետո, նրան է մոտեցել Գուրգեն Լալայանը եւ զրույցի ընթացքում տեղեկանալով, որ Անգին Ավագյանը գնում է X գյուղ, առաջարկել է նրանց տանել տաքսի մեքենայով:
Գուրգենը Անգինն առաջարկել է նաեւ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ իր հետ եւ, քանի որ Անգինը գումարի կարիք է ունեցել, համաձայնել է նրա առաջարկին, եւ փոխադարձ համաձայնության գալով որոշել են, որ սեռական հարաբերության դիմաց, Գուրգենը Անգինին պետք է վճարի 3 հազար դրամ գումար: Դրանից հետո նրանք նստել են գործում վկա Սարոյի ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան եւ ուղեւորվել դեպի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերջնամասում գտնվող ձորակ, որտեղ Անգինը առանց բrնության նրա հետ երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել նշված ձորակում: Դրանից հետո Սարոյի մեքենայով Ագարակ գյուղի մոտ գտնվող «Սիրո կամար» ռեստորան գնալիս, մեքենայի մեջ, Գուրգենը Անգինին 3 հազարի փոխարեն տվել է 4 հազար դրամ, ապա հաց են կերել ռեստորանում: Այդ ընթացքում Գուրգենը Անգինին ասել է, որ իր կնոջ հորեղբոր որդի Մինասը նկարիչ է եւ կարող է նրան վճարել 5-10 հազար դրամ, եթե նա որպես բնորդուհի աշխատի նրա համար: Անգինը համաձայնվել է, որից հետո նրանց հետեւից նշված ռեստորան է եկել Մինասը եւ նրանք միասին գնացել են վերջինիս տուն: Հասնելով տուն Անգինը իր մանկահասակ երեխայի եւ Գուրգենի հետ մտել են տուն, իսկ Մինասը այդ ընթացքում մեքենան է կանգնեցրել տան բակում: Մի փոքր նրան սպասելուց հետո Գուրգենը որոշել է դուրս գալ տանից եւ տեսնել, թե ինչու Մինասը չի գալիս: Այդ ընթացքում Անգինը դուրս է եկել Մինասենց տանից եւ հասնելով Արագածոտնի մարզի գյուղ` զանգահարել է իրենց գյուղը սպասարկող տեղամասային տեսուչին եւ հայտնել, թե իբր իրեն բռնաբարել են:
Արդյունքում… Ապարանի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել է Անգինին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 2 երկու տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Իսկ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը թողնել անփոփոխ: Իսկ որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա նախկինում ունեցել է անբասիր վարք, ունի 2 անչափահաս երեխա:


























