Գյումրիում 50-ամյա Ազատ Կարապետյանը դանակահարել է փեսային, երբ ականատես է եղել, թե ինչպես է հայհոյել աղջկան` Մարիամին, քաշքշել է մազերից, ձեռքով հարվածել է գլխին եւ մարմնի տարբեր մասերին: NEWS.am-ը Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը իրենց մոտ է ստացվել 2012թ-ի օգոստոսի 8-ին եւ առաջիկայում կտեղեկացվի, թե երբ կլինի դատական նիստի քննությունը:
Մինչ այդ նշենք, որ 50-ամյա Ազատ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2012թ մայիսի 5-ին ժամը 00.10-ի սահմաններում իր՝ Գյումրում իր տանը կենցաղային հարցերով՝ իր աղջկան՝Մարիամ Կարապետյանին նրա ամուսնու՝ Էդուարդ Արզումանյանի կողմից ծեծի ենթարկելու պատճառով դիտողություն է արել վերջինիս, փորձել է կանխել նրա կողմից աղջկա նկատմամբ գործադրած բռնությունները, սակայն Էդ.Արզումանյանը շարունակել է իր հարկաիրավական գործողությունները՝ հայհոյանք է արել Մարիամ Կարապետյանի հասցեին, քաշքշել է մազերից, ձեռքով հարվածել է գլխին, մարմնի տարբեր մասերին պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաեւ ձեռքով հարվածել է Ազատ Կարապետյանի ձախ կողին պատճառել ֆիզիկական ցավ: Ազատ Մնացականի Կարապետյանի մոտ առաջացել է լարվածություն, բուռն ընթացող հակազդում՝ վթարային եղանակով: Այդ իրավիճակի հետեւանքով առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, Էդ.Արզումանյանին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ պահարանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ հարվածներ է հասցրել նրա որովայնի առաջային պատին, պատճառելով կտրած-ծակած թափանցող վերք՝լյարդի վնասումով, որն առաջացրել է առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, կրծքավանդակի աջ, ձախ կեսերին, որոնք առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս, կրծքավանդակի աջ կեսի թիակային մասին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատե քայքայումով:


























