35-ամյա Սարո Նազարյանը իրենց շենքի մոտ մարմնավաճառությամբ զբաղվող Զառային մի քանի անգամ զգուշացրել է, որ իրենց բակում չկանգնի, սակայն տեսնելով, որ Զառան իր պահանջը չի բավարարում, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա դանակահարելու միջոցով փորձել սպանել նրան: Արմավիրի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացանք, որ սույն գործը իրենց մոտ վարույթ է ընդունվել օգոստոսի 22-ին, իսկ հերթական դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 13-ին: Այսպիսով 35-ամյա Սարո Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւան քաղաքի Գ.Նժդեհ փողոցի մոտ հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթ Զառա Զաքարյանին, որին նախկինում մի քանի անգամ դիտողություն է արել իրենց շենքի մոտ կանգնելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Վերջինիս կողմից իր պահանջները չկատարելը եւ նորից իրենց շենքի մոտ կանգնելը ցավագին ընդունելով, որոշել է պատժել նրան:
Իր այդ մտադրությունն իրագործելու նպատակով Զառայի հետ սեռական հարաբերություն ունենալով պատրվակով իր ավտոմեքենայով տեղափոխել է իր բնակության վայրից դուրս, ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել Զառայի հետ, ապա դուրս հանելով ավտոմեքենայից, սկսել է վիճաբանել նրա հետ: Այդ ընթացքում Զառային սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածներ է հասցրել նրա կենսականորեն կարեւոր օրգաններին` աջ այտային, աջ զստափոսային, կրծքավանդակի աջ կեսի շրջաններին: Ավելին` իր հասցրած մահացու բազմաթիվ վնասվածքների առկայության պայմաններում արնահոսության եւ արնաթաթախ վիճակում գտնվող Զառային թողնելով դաշտում, հեռացել է: Սակայն Զառան իր մեջ ուժ է գտել եւ մոտկա բնակավայրից օգնություն է խնդրել ու այդ կերպ փրկվել:
Սարո Նազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 34 եւ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Վերջինս կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հ.Գ Գործում ներգրավված անձանց անուն-ազգանունները փոխված ենք ներկայացրել:


























