Այս տարի հուլիսին Հայաստանում աշխատանք է փնտրել 75.6 հազար մարդ՝ նախորդ տարվա հուլիսի 86.6 հազարի փոխարեն: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում աշխատանք փնտրողների թիվը նվազել է. այսպես՝ հունվարին աշխատանք է փնտրել 80.3 հազար մարդ, փետրվարին՝ 79.9 հազար մարդ, մարտին՝ 78.6 հազար մարդ, ապրիլին՝ 78.3 հազար մարդ, մայիսին՝ 77.4 հազար մարդ, հունիսին՝ 77.0 հազար մարդ:
2012թ. հուլիսին եղել է պաշտոնապես գրանցված 64.4 հազար գործազուրկ՝ հունվարի 68.5 հազարի փոխարեն:
Այս տարվա սկզբի համեմատ մեր երկրում ավելացել է նաեւ աշխատուժի պահանջարկը: Այսպես՝ հունվարի 1,293-ի դիմաց հուլիսին պահանջվել է 2,272 աշխատող:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվար-հուլիս ամիսներին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.1 հազարով կամ 6.5%-ով եւ կազմել -83.8 հազար մարդ:
Ըստ ամենայնի, հենց արտագաղթով է բացատրվում երկրում գործազուրկների եւ աշխատանք փնտրողների քանակի նվազումը»,- գրում է «Ժամանակ» թերթը։




























