Ամերիկյան Google որոնողական համակարգը կարող է դադարեցնել իր գործունեությունը Չինաստանում` հաքերների գրոհների հետեւանքով: Ընկերության կողմից նման հայտարարություն անելու հիմք է հանդիսացել այն, որ հաքերները ջարդել են իրավապաշտպանների էլեկտրոնային փոստերը, որոնք գրանցված են հիշյալ որոնողական կայքում:

Ինչպես ասել են աշխարհում ամենահայտնի ինտերնետ-որոնողական կայքի մասնագետները, հաքերների գրոհը եղել է «գիտակցված եւ նպատակային»: Միաժամանակ, ընկերությունը չի բացառում, որ կփակի ոչ միայն իր չինական կայքէջը, այլ նաեւ ամբողջությամբ կդադարեցնի իր գործունեությունը ողջ Չինաստանում:

Դեպքի առնչությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա իր անհանգստությունն է հայտնել եւ պահանջել է Չինաստանից բացատրություններ տալ՝ հաքերների այդ գրոհի կապակցությամբ: «Google ընկերությունը մեզ տեղեկացրել է իր կասկածների մասին եւ դա մեզ մոտ լուրջ անհանգստություն ու հարցեր է ծնում: Մենք բացատրությունների ենք սպասում Չինաստանի կառավարությունից»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Տեղի ունեցածի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: