Թուրքական լեզվագիտական ընկերության ինտերնետ կայքի բացատրական բառարանը լեցուն է հայերի, ռուսների, քրդերի եւ հույների նկատմամբ ատելություն եւ վիրավորանք պարունակող արտահայտություններով:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, Թուրքիայի կառավարությանը պատկանող Թուրքական լեզվագիտական ընկերության պաշտոնական կայք մտնելիս հենց առաջին էջի դիմացի մասում բերում է թուրքերենի բացատրական բառարան, որտեղ «ռուս» բառը գրելու դեպքում բերում է «Մոսկվայի գյավուր», «քուրդ» բառը գրելու դեպքում՝ «Առաջավոր Ասիայում ապրող մի հասարակություն, կամ այդ հասարակությունից որեւէ մեկը»,  «հայ» բառը գրելու դեպքում բերում է «հայ հարսի պես տեղաշարժվել»  արտահայտությունը, որը Թուրքիայում ծաղրական եւ վիրավորական արտահայտություն է համարվում:

Թուրքիայում նախկինում եւս բացատրական բառարաններում տեղ էին գտել վիրավորանք եւ այլատյացություն պարունակող արտահայտություններ, սակայն պաշտոնական կայքում նման արտահայտությունների առկայությունը խիստ վրդովեցրել է նաեւ թուրքական լրատվամիջոցներին: