ՀՀ Ազգային Ժողովը 2010 թ. ընդունեց օրենք, ըստ որի` 2013 թ. հունվարի 1-ից Երեւանից ու նրա մերձակայքից (բացի «Զվարթնոց» օդանավակայանից ու դեռեւս գոյություն չունեցող «Երեւան» ազատ տնտեսական գոտուց) պետք է հանվեն բոլոր խաղատներն ու շահումով խաղերը: Այդ հաստատությունները պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Ջերմուկ կամ Սեւան:
Արդեն պարզ է, որ օրենքի այդ պահանջը չի կիրառվելու` ոչ մի խաղատուն մատը մատին չի խփել Երեւանից դուրս գալու համար:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը քննարկել է այդ հարցը ու որոշում է ընդունել խաղատների «տարհանման» հարցը մեկ տարով երկարաձգել: Սակայն մնացյալ ամեն ինչ խավարի մեջ է: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության (gov.am) կառավարությունը պարզապես հավանություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, եւ այդ որոշումը նախապես համաձայնեցվել է խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպման ժամանակ: Սակայն խնդիրն այն է, որ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում նման հարց չկա: Օրակարգի 27-րդ հարցը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Զեկույց շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին»: Այդ զեկույցը ներկայացված է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից:
Մինչ օրս ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում զեկույցը չի հրապարակված, ինչը հրապարակային գործելաոճի կոպիտ խախտում է: ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը այդպես էլ չկարողացավ բավատրել, թե ինչո՞ւ զեկույցը կայքում չի տեղադրվում: Հարց է առաջանում` ի՞նչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը, եւ ինչո՞ւ կազինոների վերաբերյալ հարցերը պատված են նման անորոշությամբ:
Կա նաեւ մեկ այլ խնդիր: Ըստ 2010 թ. ընդունված օրենքի` Երեւանի մերձակայքում կարող են մնալ այն կազինոները, որոնք 40 մլրդ դրամից ավելի ներդրում են իրականացրել` կառավարության հավանությամբ եւ չափորոշիչներին համապատասխան: Ներկայում նման խոշոր ներդրում իրականացնում է միայն Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» կազինոն: Այդ հաստատության շրջակայքում ներկայում էլ շինարարություն է ընթանում, հավանաբար` ներսում էլ ինչ-ինչ աշխատանքներ են տարվում: Մեծ է հավանականությունը, որ հենց այդ հաստատությունն էլ Երեւանի մերձակայքում կմնա որպես միակ կազինո, թեեւ որեւէ տեղեկատվություն չկա` արդյո՞ք կառավարությունը հավանության է արժանացրել «Շանգրի Լա» խաղատան ներդրումային ծրագիրը:
Կարծում ենք` կազինոներին վերաբերող հարցերը նույնքան հրապարակային պետք է քննարկվեն, որքան գոմեշի մսի կամ հավի ձվի հետ կապված հարցերը:
Սամվել Ավագյան


























