«Հայփոստը» ժամանակին եւ պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Այդ մասին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին բողոքել են մի շարք տնտեսվարողներ եւ քաղաքացիներ: Ըստ բողոքների՝ առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում է հանձման ամսաթիվը: Բազմաթիվ են նաեւ այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
«Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաեւ տնտեսվարողների համար»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահի իրավական հարցերով օգնական Անահիտ Սարդարյանը: Ներկայում մի շարք դատական հայցեր կան ընդդեմ «Հայփոստի»: Փաստորեն՝ տնտեսվարողների եւ քաղաքացիների մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան:
Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները եւ սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:
Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն:




























