Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2007 թվականից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը գրանցել է բռնագանձված գումարների 175 տոկոս աճ: Այդ մասին ծառայության հունվարի 22-ին տեղի ունեցած ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ին հայտնում է, որ 2009 թվականին գրանցվել է կատարողական վարույթների աճ` հարուցվել են 62 580 գործ (2008թ.` 55991, 2007թ.` 44487): 2009 թվականի ընթացքի մեջ եղել են ընդամենը 85973 կատարողական վարույթ: Զգալիորեն նվազել է դիմում-բողոքների քանակը: 2009 թ. ծառայություն մուտք է եղել եւ ընթացք է տրվել 13586 դիմումի:

2009թ. ընթացքում կատարվել են 10 ծառայողական քննություններ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 20 հարկադիր կատարողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոնցից 4-ը հեռացվել են ծառայությունից: