«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը երեկ՝ հունվարի 21-ին դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրություններն անվավեր ճանաչել պահանջով:
Ընդ որում, Փաշինյանի փաստաբանները վերջնաժամկետը լրանալուց միայն հինգ րոպե առաջ են հասցրել հայտը ներկայացնել ՍԴ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, երբ իրենք գնացել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ Փաշինյանի ստորագրությունը հայտի տակ դնելու համար, նրանց պաշտոնապես հայտնել են, որ Փաշինյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Իսկ երբ պաշտպանները ժամանել են «Նուբարաշեն», պարզվել է, որ ընդդիմադիր գործչին դեռ չեն բերել, եւ միայն 1 ժամ 50 րոպե հետո են Փաշինյանին բերել «Նուբարաշեն»: Պաշտպաններն էլ հասցրել են հայտի տակ ստանալ Փաշինյանի ստորագրությունը եւ այն հանձնել նախընտրական շտաբին, որն էլ դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 10 ԸԸՀ-ի որոշումը՝ Արա Սիմոնյանին որպես պատգամավոր գրանցելու մասին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել, թեեւ ընդդիմության պնդմամբ՝ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով եւ բռնություններով:
Հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























