2009 թվականը բավական ինտենսիվ տարի էր ԼՂ կարգավորման բանակցությունների առումով, եւ Հայաստանը շնորհակալ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ խնդրի կարգավորմանն աջակցելու համար: Այսօր, տարեկան ամփոփիչ ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Նրա գնահատմամբ, 2009 թվականին բանակցություններում գրանցվել է դրական դինամիկա, եղել է որոշ դրական տեղաշարժ, սակայն դա բավարար չէր բեկում արձանագրելու համար: Նախարարը հույս հայտնեց, որ 2010-ին իրենք կպահպանեն առկա դրական դինամիկան: «Չեմ կարծում, որ գործընթացն արհեստականորեն արագացնելով կամ դանդաղեցնելով՝ օգուտ կտանք գործընթացին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե երբեմն հայկական կողմը հապաղում է եւ արժանի պատասխան չի տալիս Ադրբեջանի կողմից արվող հայտարարություններին ու ապատեղեկատվությանը, ԱԳՆ ղեկավարն ասաց. «Չեմ կարծում, որ չենք արձագանքում ադրբեջանցիներին: Գոյություն ունի քարոզչություն, հակաքարոզչություն եւ պաշտոնական դիրքորոշում: Եթե դու բանակցում ես բանակցությունների համար, միգուցե, քո համար ամենակարեւորը քարզչությունը կամ հակաքարոզչությունն է, բայց միշտ չէ, որ պետք է հայտարարությանը հայտարարությամբ պատասխանել: Միշտ չէ, որ այսպես ասած, „պորտը տեղը դնելը“ ճիշտ է: Եթե ընտրելու լինենք ճառ ասել եւ զանգ կախելու միջեւ, ես կընտրեի երկրորդը: Չնայած դա չի նշանակում, որ մենք խոսք կամ ճառ չպետք է ասենք»: