Հայաստանի պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Սոչի է մեկնել։ Հանդիպումը նվիրված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկմանը։ Հանդիպումը տեղի կունենա հենց այսօր։

Հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է։ Ավելի վաղ նրա նախաձեռնությամբ այսպիսի եւս երկու հանդիպումներ են կայացել։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբեր ամսին, Քիշնեւում։ Մոսկվայում 2008 թ. նոյեմբերի 2-ին կայացած առաջին հանդիպման արդյունքներով ընդունվել էր Մայնդորֆյան հռչակագիրը, որը կոչ է անում կողմերին վերականգնել երկխոսությունը, եւ խնդիրը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։

NEWS.am-ի թղթակիցը, ով եւս պատվիրակության կազմում է, օրվա ընթացքում մանրամասներ կհայտնի բանակցությունների ընթացքից։

Արժե նշել, որ հանդիպմանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ նախապատրաստական աշխատանքները, ովքեր այցելել էին Երեւան եւ Բաքու եւ հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ։ Նրանք այցելել էին նաեւ Ստեփանակերտ, որտեղ ծանոթացել էին ԼՂՀ ղեկավարության դիրքորոշման հետ։ Իր հերթին, վերջին երկու օրերին Բաքվում էր Մոսկվայի ներկայացուցչական պատվիրակությունը՝ Մեդեվեդեւի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ։ Սակայն սա չի խանգարել ադրբեջանական կողմին կրկին հանդես գալ ռազմաշունչ հայտարարություններով՝ այս կերպ կասկածի տակ դնելով Սոչիում կայանալիք հանդիպման արդյունավետությունը։