Հարցազրույց ՀՀ պետական ապարատում էլեկտրոնային կառավարման ներդրմամբ զբաղվող բրիտանական The AI Partnership ընկերության նախագահ Վահագն Մխիթարյանի հետ։

Պարոն Մխիթարյան, ինչպե՞ս է ներդրվել e-government ծրագիրը Հայաստանում եւ ինչպիսի՞ առավելություններ է այն տալիս օգտագործողներին:

Ծրագիրը ներդրվել է ՀՀ ԱԳՆ-ում`2006 թվականից: Առաջին հաջողությունից հետո որոշում է կայացվել կառավարման էլեկտրոնային համակարգը ներդնել նաեւ գործադիր իշխանության այլ մարմիններում, մասնավորապես` կառավարությունում, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններում: Կարող եմ հավաստիացնել, որ երեք ամիս հետո բոլոր պետական կառույցները` 32 հաստատություններ, ամբողջությամբ կանցնեն էլէկտրոնային կառավարման: Ի դեպ, պետք է նշեմ, որ այս ծրագրով հետաքրքրված են ոչ միայն պետական սեկտորը, այլ նաեւ մասնավոր ընկերությունները, օրինակ սինթետիկ կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանը:

Կառավարման էլեկտրոնային համակարգը ազատում է մեզ բյուրոկրատական քաշքշուկից: Չէ որ, որպեսզի որեւէ փաստաթուղթ մի վարչությունից հասնի նախարարին, կարող է օրեր տեւել: Սկսած նրանից, որ նախարարը ժամանակ չի ունենա, որպեսզի հետեւի թղթային փոստին, վերջացրած նրանով, որ թուղթը կարող է որեւէ բաժնում ուղղակի կորչել: Բացի այդ, այս համակարգը թույլ է տալիս մարդկանց աշխատել տանից` աշխատանքային օրվա ավարտից հետո եւ պաշտոնյան ստիպված չի լինի աշխատանքային օրվա ավարտից հետո մնալ աշխատանքի վայրում: Բացի այդ, արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ պաշտոնյան կարող է ձեռքը պահել գործերի կառավարման «զարկերակի» վրա: Թափանցիկության շնորհիվ պետական ծառայողները չեն կարող խուսափել աշխատանքային գրաֆիկից կամ անել այն ավելի ցածր որակով:

Բացի այդ, անցած տարի ներդրվել է պետծառայողների գործունեության գնահատման համակարգ` «Մալբորի», որի համաձայն, ցանկացած փաստաթուղթ պետք է գնահատվի, եւ միայն դրանից հետո ընթացք տրվի այդ փաստաթղթին: Դրա շնորհիվ մենք տարվա կեսին կարող ենք ի մի բերել ցանկացած պետծառայողի գործունեությունը եւ օբյեկտիվ գնահատական տալ նրա աշխատանքին:

Ընդհանուր առմամբ, համակարգը թույլ է տալիս հսկայական ժամանակ տնտեսել: Տեսեք. եթե նախկինում վարչապետը որեւէ կառույցի հանձնարարություն էր տալիս, հնարավոր է մեկ շաբաթ տեւեր մինչեւ այդ հանձնարարությունը թղթի ձեւով հասներ մարզային այդ կառույցին, իսկ հիմա մարզպետները այդ հանձնարարությունները ստանում են նախարարների եւ Երեւանում գտնվող հիմնարկների հետ միաժամանակ:

Ներդրված է նաեւ էլեկտրոնային ստորագրության համակարգ: Նաեւ քաղաքացիները հնարավորություն ունեն հետեւել իրենց դիմումի էլեկտրոնային շարժին, ինչը նախկինում անհնար էր:

Որքանո՞վ է հասարակությունը եւ հասարակական սեկտորը պատրաստ այդ համակարգով աշխատանքի նոր մեթոդներին:

Այո, այդպիսի խնդիր գոյություն ունի: Եթե պետական բոլոր հաստատությունները անցնեն էլեկտրոնային կառավարման, հասարակ քաղաքացիներն ու մասնավոր սեկտորը, այդ թվում նաեւ խոշոր ձեռնարկությունները, պատրաստ չեն լինի անցնել այդ համակարգի: Օրինակ, խոշոր բիզնեսի շատ ներկայացուցիչներ ի վիճակի չեն հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, քանի որ նրանց հաշվապահները չգիտեն ինչպես օգտվել համակարգչից: Բայց եթե կառավարությունը հրաժարվի խոշոր բիզնեսից ընդունել թղթային փաստաթղթեր, ապա վերջիններս ստիպված կլինեն վերապատրաստել իրենց կադրերին եւ բարձրացնել նրանց որակավորումը: Այսինքն այս ծրագիրը անուղղակիորեն խթանում է նաեւ կադրերի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը:

Ամփոփելով վերը նշվածը, կարելի՞ է արձանագրել, որ ծրագիրը հնարավորություն է տալիս կրճատել կոռուպցիան պետական հաստատություններում:

Անկասկած: Գիտակցումը, որ ցանկացած քայլ գտնվում է վերահսկողության տակ, ստիպում է ավելի ուշադիր լինել: Բացի այդ, էլեկտրոնային կառավարման համակարգը նվազագույնի է հասցնում քաղաքացիների շփումը պետծառայողների հետ եւ դա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը:

Ո՞րն է հայկական ծրագրի առավելությունը արտասահմանյան նմանատիպ համակարգերի նկատմամբ:

Պետք է ասել, որ Հայաստանում այս ծրագրի ներդրումը իրականացվել է շատ արագ եւ զուգահեռաբար: Որպեսզի երկու տարում ողջ պետական ապարատը բերվի էլեկտրոնային կառավարման, մեծ կամք է պետք: Այս տեսանկյունից մեզ հետ կարող է համեմատվել միայն Էստոնիան: Իհարկե, դա ամենալավ համակարգը չէ աշխարհում, բայց այն կա: Այո, կարելի էր ներդնել բիոմետրիկ ID քարտերի համակարգ, բայց դա շատ թանկ է: Կարելի էր նստել 5 տարի սպասել դրան, բայց ավելի լավ է գտնել միջանկյալ լուծումներ, ներդնել ներկա համակարգը, հետո խոշոր գումարների առկայության դեպքում փոխել այն: Այսինքն այսօր կառավարությունն այսօր գործում է այն տրամաբանությամբ, որ եթե ինչ որ բան հնարավոր է անել այսօր, ապա դա պետք է անել, ոչ թե նստել սպասել ավելի լավին: Ներկայումս այս ծրագիրը երկլեզու է` անգլերեն եւ այն լեզվով, որ երկրում որ ներդրվում է:

Ի՞նչ ծրագրեր ունի Ձեր ընկերությունը մոտ ապագայի համար:

Բացի Հայաստանից, մեր ծրագիրը որոշակի պահանջարկ ունի նաեւ Անգլիայում եւ դա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ Մեծ Բրիտանիան աշխարհում երկրորդ երկիրն է էլեկտրոնային կառավարման օգտագործման առումով: Ծրագիրը պահանջարկ ունի նաեւ Ֆրանսիայում, ու նաեւ բանակցություններ են վարվում այն Ռուսաստանում եւս ներդնելու ուղղությամբ, որտեղ պետական կառավարման կառուցվածքն ու բյուրոկրատիայի մակարդակը շատ նման է Հայաստանին: Ես վստահ եմ, որ ծրագիրը շատ օգտակար կլինի Ռուսաստանում: Մենք ցանկանում ենք ներդրումն սկսել Սոչիից, որտեղ 2014 թվականին ձմեռային օլիմպիական խաղեր են անցկացվելու: