Հաշվի առնելով առաջիկա քննարկումները ԵԽԽՎ-ում «Հարգանք լրատվամիջոցների ազատության հանդեպ» զեկույցի շրջանակներում, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն, այսօր ԵԽԽՎ պատգամավորներին տեղեկատվություն է փոխանցել այն մասին, որ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները, կարծես միմյանց հետ համաձայնեցված, կոպտորեն խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջները, չեն մասնակցել և, ըստ էության բոյկոտել են թիվ 10-րդ ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրությանը, որին մասնակցում էր կալանքի տակ գտնվող ընդդիմության գործիչ Նիկոլ Փաշինյանը:

Հեռուստաընկերությունները, ոչ միայն տեղեկատվություն չեն տվել հանրությանը՝ ընտրության անցկացման մասին, այլեւ անգամ, հրաժարվել են հեռարձակել ընդդիմության թեկնածուի կողմից ներկայացրած քարոզչական նյութը: Չեն մասնակցել նաեւ ԱԺ լրացուցիչ ընտրության միակ երկարաժամկետ դիտորդական առաքելության ասուլիսներին և չեն հեռարձակել որևէ հաղորդում այդ մասին: Արդյունքում, ընտրողների գերակշռող մասը չի տեղեկացել եւ’ ընտրութունների անցկացման եւ’ թեկնածուների մասին:

Որպես սույն տեղեկատվության հիմնավորում, ԵԽԽՎ պատգամավորներին է ներկայացվել նաև ՀՌԱՀ 15.01.10թ. որոշումն այդ մասին, այն է` «…հեռուստաընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը չկատարելու մասին պնդումն անհիմն է, քանի որ հեռուստաընկերությունը չի կարող վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը հայտարարել այն դեպքում, երբ չի նախատեսել նախընտրական քարոզչության վերաբերող հաղորդումներ հեռարձակելու համար հատկացնել վճարովի եթերաժամանակ»:

Կազմակերպության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ իրենց տեղեկատվությունը կփոխանցվի նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողներին: