Տեղական ժամանակով ժամը 12-ին (Երեւանի ժամանակով՝ 13-ին) Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիում գտնվող «Կրասնայա պոլյանա» կեցավայրում կսկսվեն ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ բանակցությունները՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, բանակցություններին ռուսական կողմից մասնակցելու են Դմիտրի Մեդվեդեւը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Հայկական կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են բանակցությունների անցկացման վայր:
Բանակցություններից հետո երկրների ղեկավարները մտադիր են ձնագնաց քշել:
Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլերի օդանավակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ:




























