Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիի կեցավայրում սկսվել են եռակողմ հանդիպումները ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ՝ նվիրված ղարաբաղյան հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, բանակցություններում ռուսական կողմից մասնակցում են Դմիտրի Մեդվեդեւը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Հայկական կողմից՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Առայժմ տեղեկություն չկա՝ հանդիպումից հետո հանդես կգա՞ն արդյոք նախագահները մամուլի ներկայացուցիչների առջեւ:

Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլերի օդանավակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ: